2019 թ. արդյունքները. ներքին քաղաքականություն
10.01.2020 | 00:41
Ամեն տարվա սկզբին, ըստ ավանդույթի, ամփոփում ենք անցած տարվա արդյունքները։ Ներքաղաքական կյանքում գործնականում գնահատելու բան չկա, եթե հաշվի առնենք, որ գնահատականը պետք է լինի լիովին օբյեկտիվ։ Իսկ ու՞մ դուր կգա երկրի իշխանությանը միայն «մեկեր» ու «երկուսներ» նշանակելը։ Կարելի է համոզվածություն հայտնել, որ Հայաստանի այն 52 % գրանցված ընտրողները, որոնք չեն մասնակցել 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությանը, ընդհանրապես ոչինչ չէին ակնկալում 2019-ից։ Հնարավոր է, որ նրանք ինչ-որ բացասական կանխազգացումներ են ունեցել։ Այնպես որ, Հայաստանում կյանքից ինչ-որ լավ բան կարող էին սպասել այն 35-37 % ընտրողները, որոնք դեկտեմբերի 9-ին քվեարկել էին Նիկոլ Փաշինյանի դաշինքի օգտին։
Հարցն այն է, թե 2018-ի գարնանը գոռացողները և փողոցները փակողները ստացա՞ն այն, ինչ սպասում էին։ Դժվար հարց է։ Պաշտոն ունեցողներն անշուշտ գոհ են։ Հայաստանում ֆինանսական կավատության նոր ձև է հայտնվել՝ պարգևավճարը։ Աշխատանքը պահպանածները հավանաբար չեն տրտնջում, բայց լիարժեք բավարարվածության զգացումից էլ դեռ շատ հեռու են։ Նրանց պարգևավճար, այն էլ՝ բյուջեից, չի տրվում։ Ովքեր աշխատանք են գտել, չենք բացառում, նույնպես կարող են բավարարված լինել, բայց այդպիսիք հասարակության բացարձակ փոքրամասնությունն են։ 2019-ի վերջին առիթ եղավ խոսելու մի երիտասարդ տաքսիստի հետ, որը վերադարձել էր (հավանաբար հենց 2019-ին) ինչ-որ հույսերով։ 2020-ի հունվարի 10-ին նա կվերադառնա Ռուսաստան, չեմ բացառում, արդեն ընդմիշտ։ Երիտասարդն անկեղծ բաներ ասաց. այստեղ աշխատանք կա, առաջարկում են, բայց պայմաններն աննորմալ են։ Խոսքը մեծաբեռ ավտոտրանսպորտի մասին է։ Նրան պատասխանեցի՝ եթե աշխատանք կա, բայց պայմաններ չկան, նշանակում է՝ աշխատա՞նք չկա։ Նա նայեց ինձ ու կարճ պատասխանեց՝ այո։
Երևանի տաքսիստների մասին խոսքը պատահական չէ։ Գաղտնիք չէ, որ նրանց մեծամասնությունը 2018-ի գարնանը հավատացել է քարոզչական կեղծիքին և ակտիվորեն մասնակցել ճանապարհներին երթևեկության կաթվածահարմանը։ Այսօր նրանց տրամադրությունը նույնն է, ինչ եղել է մինչև 2018-ի գարունը։ Հարցնում եք, թե որն է 2019-ի արդյու՞նքը։ Ահա այն. դեռ մինչև երեկ «հեղափոխական զանգվածների» ակտիվորեն աճող հիասթափությունը։ Բայց այսօր նրանք չեն շտապում «դեպի փողոց»՝ բողոքելու կեղծիքի դեմ։ Ոչ, նրանք գնում են ընտանիքներով լի ավտոբուսներով։ Մի՛ հարցրեք, թե ուր։
Իսկ Փաշինյանն առաջվա պես զբաղված է «ինքնացուցադրմամբ»։ Տեսեք, հունվարի 1-ից թոշակները բարձրացնում ենք։ Նույն ձևով հանրապետականներն էին «բարձրացնում», և «ավելացած 3-5 հազարը» միշտ հանգեցնում էր շարքային քաղաքացիների ծախսերի աճի։ Հերթական խրատներն են՝ «ինքներդ, ինքներդ», այսինքն՝ կառավարությունն այստեղ գործ չունի։ Է, եթե կառավարությունը «գործ չունի», ուրեմն պետք էլ չէ, այնպես չէ՞։ Կամ էլ՝ մեջբերում անենք ԶԼՄ-ներից. երբ Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզի իր «փոքր հայրենիքը», ասել էր. «Մենք թափ ենք տվել օլիգարխների գրպանները և զենք գնել»։ Իսկ «Գրզոյին» թա՞փ են տվել, ընդհանրապես ու՞մ են թափ տվել։ Բնակիչները ճիշտ էին. թոշակներն ավելի շատ կբարձրանային, եթե «թափ տային» օլիգարխներին։ ՈՒ՞ր են այդ փողերը։ Պատասխանում է, որ զենք են գնել։ Սահմանամերձ գյուղերի քիչ տեղյակ բնակիչների համար դա գուցե սպառիչ պատասխան է, իսկ ահա 2018 թ. դեկտեմբերի 9-ին Նիկոլի օգտին ձայն տալու չեկած 52 % ընտրողների համար դա չի կարող բացատրություն լինել։ Նախորդ տարիներին էլ էր զենք գնվում, թեև ոչ Cy-30 M ինքնաթիռներ։ C-300 և «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ու ժամանակակից սպառազինության այլ համակարգեր Հայաստանը ձեռք է բերել նաև «Նիկոլից առաջ»։ Զենք ու զինամթերք ձեռք բերելու համար նախկին իշխանությունները «թա՞փ են տվել» ինչ-որ մեկին։ Հնարավոր է։ Բայց սովորաբար համարվել է, որ մենք Ռուսաստանից զենքն ու զինամթերքը ձեռք ենք բերել պարզապես արտոնյալ գներով, կարելի է ասել՝ ոչ թե շուկայական, այլ գործարանային գներով։ Այնպես որ, ինչ-որ մեկին թափ տալու առանձին անհրաժեշտություն չի եղել. բյուջեում միշտ զենք ու զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ հոդվածներ են եղել, չխոսելով հատկապես գաղտնի հոդվածների մասին։
Շարունակվում է պարզամիտների շրջանում ճանաչելիության, հետևաբար ամբոխահաճության հետևից ընկնելը։ Ահա թե ինչու 2019-ը հիշվում է բազմաթիվ սկանդալներով։ Օրինակ, մի՞թե սկանդալ չէր այն պատմությունը, որն իշխանությունները ծավալեցին Կոնստանտին Օրբելյանի շուրջը։ Դատը տանուլ տվեցին, բայց ներողություն չխնդրեցին։ Ի դեպ, մշակույթի վաստակավոր գործիչը տարվա վերջում տրտնջում էր, որ կրկին միջոցներ չհատկացրին օպերայի նորոգման համար։ Դրա փոխարեն մեկը մյուսին «պարգևավճարներ» է տալիս։ Իսկ մի՞թե սկանդալ չէր, որ 2019-ին պաշտոնաթող եղան և՛ ոստիկանապետը, և՛ ԱԱԾ տնօրենը։ Պաշտոնաթողություններ շատ եղան, ասենք, փաստորեն կազմալուծվեց Հանրային խորհուրդը և այլն։ Բայց եթե իրար հետևից հեռանում է երկու ուժային... Ընդ որում Արթուր Վանեցյանի դեպքում գերսկանդալ էր։ Մենք դարձյալ հարցնում ենք, որովհետև տարվա ընթացքում արդեն հարցրել ենք. մի՞թե պետք էր պաշտոնը կորցնել վերջապես հրապարակավ խոստովանելու համար, որ այո, Հայաստանում «Սորոսի հիմնադրամը» սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Վանեցյանը պատրաստվում է քաղաքական գործունեության, ուստի սպառնում է «ասել ամեն ինչ, երբ ժամանակը գա»։ Այդ պատճառով հարցերն ստիպված հասցեագրում ենք ԱԱԾ ղեկավարությանն ու կառավարությանը։ Մեր կարծիքով, անընդհատ աշխատանքի համար ԱԱԾ-ն արդեն ունի առնվազն երկու «աշխատանքային նյութ».
1) «Սորոսի հիմնադրամի վկաների» գործունեությունը (քայքայիչ) Հայաստանի անվտանգության դեմ,
2) Ա. Վանեցյանի կողմից միջոցներ ձեռք չառնելը այն կառույցի դեմ, որն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, որովհետև նրա նոյեմբերյան խոստովանությունը լիովին համապատասխանում է «գիտեր, բայց չի խոչընդոտել» ձևակերպմանը։ Չէ՞ որ դա իսկական ներքաղաքական սկանդալ է, ինչպես սկանդալ է և այն, որ «Սորոսի հիմնադրամը» և իշխանության մեջ գտնվող նրա «վկաները» շարունակում են մնալ չձերբակալված։
Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի մասին խոսակցությունը չի կարող լինել թռուցիկ, միջանկյալ, սակայն իշխանությունների բութ համառության պատճառով հենց երկրորդ նախագահի հարցն է մնում կենտրոնականը մեր ներքին կյանքում։ Հերթական անգամ «վնգստացող դատավորները» մերժեցին խափանման միջոցը փոխելու խնդրանքը։ Մենք չենք սխալվում. Սահմանադրական դատարանի և դրա ու Հրայր Թովմասյանի դեմ Փաշինյանի կողմից մղվող «պատերազմի» հարցն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի հարցի ածանցյալն է։ Եթե որևէ մեկը կասկածում էր նախկինում, ապա այժմ կասկածները վերացել են. Փաշինյանին ամենևին պետք չէ ճշմարտությունը «2008 թ. մարտի 1-ի գործի» մասին, նա պարզապես իրականացնում է հավերժ նախանձորդի անձնական վրեժը։ Ահա արդեն նաև հավերժ ընդդիմադիր (առնվազն Ռ. Քոչարյանի նախագահության օրոք) Շանթ Հարությունյանը, որն ինքը վերջերս է ազատություն ստացել, միացել է նրանց, ովքեր պահանջում են կալանքից ազատել երկրորդ նախագահին։ Դա արդեն ներկայիս իշխանության մեղսագիտակության գնահատականի լակմուսի թուղթ է։ Քոչարյանի ընդդիմադիրը, անգամ հակառակորդը պահանջում է ազատել Քոչարյանին։ Մենք էլ չենք խոսում արվեստի ու մշակույթի գործիչների, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, նամակ-խնդրանքների մասին։
Փաշինյանի և դատավորների պատմուճանով նրա կամակատարների կտրուկ հրաժարվելն այն բանից, որ սխալներ են արել ու պետք է ելք գտնել իրավիճակից, նույնպես այսօրվա անիմաստ իշխանության և նրա այն հակազգային քայլերի գնահատականն է, որոնք միայն խորացնում են պառակտումը հասարակության ներսում։ Ներկայացնենք բլոգեր Ռ. Ջանիբեկյանի կարծիքն այն մասին, թե ինչով է զբաղված իշխանությունը Հայաստանի երկրորդ նախագահի առնչությամբ. «Իսկույն ասեմ, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իմ վերաբերմունքը միանշանակ չէ, ինձ նրա կողմնակից համարելն էլ դժվար է։ Սակայն նրա անձը քննարկելն ու, որպես նախագահի, գնահատական տալն էլ հնարավոր չեմ համարում «Ֆեյսբուքի» շրջանակում, քանի որ արդյունքում մեծ գզվռտոց կլինի նրա կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Իսկ գզվռտոցից ոչ մի օգուտ չկա, չեմ ուզում այդպիսի բանավեճ բորբոքել։ Կասեմ միայն այն, ինչում համոզված եմ։ Առաջին. Քոչարյանն ակնհայտորեն չէր ուզում և չի ուզում փախչել Հայաստանից ու թաքնվել։ Դա ակներև է ի սկզբանե։ Նա կարող էր պարզապես չվերադառնալ Հունաստանից, երբ արդեն պարզ էր, որ պատրաստվում են հետապնդելու նրան։ Եվ նա չէր կարող տեղյակ չլինել դրան։ Ռուսաստանում նրան ջերմորեն կընդունեին և չէին հանձնի Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Երկրորդ. քանի դեռ դատ չի եղել, նրա մեղքը չի ապացուցված, եթե անգամ բոլորը համոզված են, որ նա խախտել է օրենքը։ Եվ դժվար է նրան ներկայացնել որպես հասարակայնորեն (ոչ թե քաղաքականապես) վտանգավոր քրեական գործողություններ նախաձեռնողի, որպեսզի կալանքի տակ նրա գտնվելը համարվի արդարացված։ Ոստիկանների հսկողության ներքո տնային կալանքի տեսքով խափանման միջոցի դեպքում նրա ակտիվությունը լիովին կարելի էր վերահսկել։ Նույնիսկ եթե նա մեղավոր համարվի 2008 թ. մարտի իրադարձությունների համար, այսինքն համարեն, որ նա այն ժամանակ գերազանցել է իր իրավասությունները, ապա այժմ նման իրավասություններ չունի։ Դուրս է գալիս, որ տվյալ որոշման մեջ նկատելի է ներկայիս իշխանությունների անձնական միտումը.
1) վրեժ անցյալ պարտությունների համար,
2) վախ Ռ. Քոչարյանի հնարավոր քաղաքական ակտիվությունից։
ՈՒստի Քոչարյանի ներկայիս խափանման միջոցը համարում եմ անարդար և ոչ ճիշտ, ինչպես նաև վնասակար ներկայիս իշխանությունների համար, որոնց ես լիակատար տապալում չէի ցանկանա, քանի որ դա կարող է կործանել ոչ միայն նրանց, այլև ողջ երկիրը։ Բացի այդ, համարում եմ, որ նման հարցերում չի կարելի ընտրողականություն դրսևորել։ Կամ պետք էր գնալ ազգային միասնության ուղիով ու համաներել բոլոր նախագահների անցյալ (առաջին հերթին՝ տնտեսական) մեղքերը, կամ հետապնդումներն սկսել Լևոն Տեր-Պետրոսյանից՝ ՀՀ ամենաապաշնորհ նախագահից։ Նա ճիշտ նույն ձևով խախտել է օրենքը՝ իշխանությունը Վազգեն Մանուկյանին չհանձնելով, ժողովրդական հուզումները ճնշելու համար բանակի մասնակցությունը թույլ տալով։ Պարզապես նրա բախտը բերել է, որ այն ժամանակ ոչ ոք չզոհվեց»։
Ինչու՞ որոշեցինք ծանոթացնել Ռ. Ջանիբեկյանի տվյալ կարծիքին, կարծես թե այն մասնավոր կարծիք է։ Նախ՝ այն պատճառով, որ նա 2018-ին եղել է ամենաոգևորված մեկը և նույնիսկ ուզում էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությանը, ակտիվ լինել քաղաքական կյանքում։ Բայց հավանաբար նրա և նրա համախոհների համար ինչ-որ բան «այնպես չընթացավ» կամ նրանք «դուր չեկան» իշխանությանը։ Երկրորդ. Երևանի «Դվին» հյուրանոցում դեկտեմբերի 25-ին կայացավ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ժողովը, որի արդյունքներն ու արձագանքները հայտնի կդառնան 2020-ի առաջին ամիսներին։ Երրորդ. այսօր Հայաստանում ավելի ու ավելի են շատանում այդ բլոգերի տեսակետը կիսող մարդիկ, նույնիսկ նրանց շրջանում, ովքեր երեկ փողոցներում գոռում էին «Մերժի՛ր Սերժին»։ 2020-ի գարնանը կլրանա փողոցային պետհեղաշրջման 2 տարին, իսկ դա զգալի ժամանակ է։ Չորրորդ. նախկին իշխող կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ 2020-ին պայքար կսկսի ևս մեկ խորհրդարանական ընտրության համար։ Կհաջողվի, թե ոչ, կտեսնենք միասին։
Եվ արդեն որերորդ անգամ հիշեցնենք բարոյականության ոսկի կանոնը՝ պարզության համար այն մի քիչ վերափոխելով. «Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեն»։ Հայտնի է նաև այդ կանոնի ժխտական ձևակերպումը. «Մարդկանց մի՛ արա այն, ինչը քեզ չէիր ցանկանա»։ Այդ կանոնը կիրառելի է ամենուրեք. այն համընդհանուր է։ Միջնադարի գերմանացի փիլիսոփա Քրիստիան Թոմասիոսը (1655-1728) Ոսկի կանոնի երեք ձև էր առանձնացնում՝ սահմանազատելով իրավունքի, քաղաքականության ու բարոյականության ոլորտները, և դրանք կոչում էր համապատասխանաբար իրավունքի, պատշաճության ու հարգանքի սկզբունքներ։
1) Իրավունքի սկզբունքը պահանջում է, որ մարդն ուրիշին չանի այն, ինչը չէր ցանկանա, որ ուրիշն աներ իրեն,
2) պատշաճության սկզբունքով պետք է ուրիշին անել այն, ինչը նա ցանկանում է, որ ուրիշն անի իրեն,
3) հարգանքի սկզբունքը ենթադրում է, որ մարդը վարվի այնպես, ինչպես նա կցանկանար, որ ուրիշները վարվեին։
Ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը (1853-1900) Ոսկի կանոնի առաջին (ժխտական) տեսանկյունն անվանում էր «արդարության կանոն», երկրորդը (դրական)՝ «գթասրտության կանոն»։ Բարոյականության ոսկի կանոնը գալիս է ոչ քրիստոնեությունից, ոչ էլ միաստվածությունից։ Ահա ապացույցներ.
1) թեև Արիստոտելի երկերում Ոսկի կանոնը մաքուր տեսքով չի հանդիպում, նրա բարոյագիտությունում կան համահունչ շատ դատողություններ, օրինակ, «ինչպե՞ս պահել իրեն բարեկամների հետ» հարցին Արիստոտելը պատասխանում է. «Այնպես, ինչպես կցանկանայիք, որ նրանք իրենց պահեն ձեզ հետ»,
2) հնդկական «Մահաբհարաթա» պոեմում պատմվում է, որ Կուրուկշետրայի ճակատամարտից առաջ, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 10000 թվականից ոչ ուշ, Վիդուրան իր եղբորը՝ Դհրիթհարաշտրա թագավորին, սովորեցնում է. «Թող {մարդը} ուրիշին չանի այն, ինչը տհաճ է հենց իրեն։ Համառոտ այդպիսին է դհարման (պարտքը), մնացածը ծագում է ցանկությունից»։ ՈՒպանիշադներում, որոնց հեղինակ է համարվում Շիվա աստվածը (իսկ դա արդեն հարյուրհազարավոր տարիների վաղեմություն է ենթադրում) առաջանում է վերջավորի և հավիտենականի միջև տարբերության բացակայության նոր գաղափար, որն արտահայտում է միասնության ուպանիշադյան բանաձևը. «Դա հենց դու ես»։ Այդ բանաձևը բարոյականության ոսկի կանոնի տեսքով մեկնաբանվում է որպես իրեն այլ մարդու մեջ տեսնելու ցանկության արտահայտություն։
Հայաստանի ժամանակակից քաղաքացիներից որևէ մեկը չի՞ մտածում, որ 1991 թ. անկախության վերականգնումից հետո մեր երկրում Բարոյականության ոսկի կանոնը բազմիցս խախտվել ու խախտվում է։ Նրա անտեսումը մեր երկրում այժմ էլ այնպիսին է, ինչպիսին եղել է նախորդ բոլոր կառավարողների օրոք։ Այդ պատճառով 2020 թիվն առայժմ որևէ լավ բան չի նախագուշակում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ